Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։

Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար:

Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության: Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին և իրականացում ձեր բարի իղձերին:

Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված Սուրբ Հոգու շնորհները հեղի ձեր և ձեր ընտանյաց անդամների կյանքից ներս, պարգևի երջանիկ և ուրախ կյանքի տարիներ, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խնամելով և պահպանելով ձեզ, շնորհելով բյուր օրհնություններ և ամենայն բարիք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն:

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

08.03.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․